Չի՛ ստացվելու․ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով զորքերը հետ չեն քաշելու․ Սեյրան Օհանյան
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Եվ այդ պայմաններում էլ ղեկավարությունը ցուցում է տվել Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշել։ Ադրբեջանի ղեկավարությունը յուրաքանչյուր մետր առաջ գալով պայմաններ է ստեղծում մեր սահմանների ճշգրտման գործում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ դելիմիտացիա, դեմարկացիա հետագայում իրականացնելու համար ամեն մի հողակտորը հիմք է հանդիսանալու բանակցելու և շահերն առաջ տանելու համար։ Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար է ասում՝ իսկ ո՞վ է ասում սահմանն այստեղ է կամ այնտեղ է։ Որտեղ զինվորի ոտքն է դրած, այնտեղ էլ սահմաններն են։
«ՀՀ ղեկավարության արտահայտություններում միշտ էլ եղել են հակասություններ, գործողություններ։ Հիմա հերթական գործողություններն են ընթանում։ Երկրի պաշտպանության խնդիրը բանակի խնդիրն է։ Սահմանապահ ծառայությունները կարող են իրենց ծառայությունը տանել խաղաղ պայմաններում։ Նրանք չունեն այն կարողությունները, որ հակառակորդի սադրանքներին դիմադրեն։ Հատկապես, եթե լինեն հարձակողական գործողություններ»,- նշեց Օհանյանը։
Խոսելով ընթացող բանակցությունների մասին, Օհանյանը նշեց․ «Ադրբեջանցիներն այսօր շրջապատել են Արցախը, և պայմանագրի ստորագրելուց հետո՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին, որքա՜ն առաջխաղացումներ են ունեցել տարբեր հատվածներում՝ չթվարկեմ։ Թե որքան սադրանքներ են կազմակերպել։ Վերջինը 2022թ․-ի սեպտեմբերի 13-14-ի գործողությունները և այսօրվա։ Ո՞նց կարելի է հույս կապել հակառակորդ կողմի հետ, որը խաղաղության այդ պատրվակի ներքո խաղաղության խաբկանք է կազմակերպել հայկական կողմի նկատմամբ և անընդհատ սադրում է։ Իհարկե ոչ։ Ես ոչ մի հույս չունեմ, որ իրենք բանակցությունների ընթացքում կարող են հետ վերադարձնել։ Որ բանակցություններով կարող են հետ քաշվել չի ստացվելու»։