Ադրբեջանը փորձում է ճեղքել, հարձակվել, ագրեսիայի դիմել բոլոր այն ուղղություններով, որն ինքը համարում է խոցելի․ Աբրահամյան
Չի կարող ձևավորված լինել այնպիսի դաշտ, որի պայմաններում հնարավոր կլիներ Ադրբեջանի կողմից ակնկալել վստահություն։ Եթե այս պայմանավորվածությունների հիմքում կա այլ հանգամանք, որի մասին հանրությունը չգիտի, ապա դա այլ հարց է, սակայն օբյեկտիվ առումով որևէ իշխանություն չէր կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը, այն էլ բանավոր պայմանավորվածությունը կկատարեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ճեղքել, հարձակվել, ագրեսիայի դիմել բոլոր այն ուղղություններով, որն ինքը համարում է խոցելի։ Թե այդտեղ կլինեն Սահմանապահ զորքերը, թե ՊՆ-ի ներքո գործող բանակային կորպուսները, Ադրբեջանի համար դա որևէ խնդիր չի ներկայացնում։
«Պետք է փաստել, որի Գորիս-Կապան ճանապարհը փաստացի գրավոր պայմանավորվածությամբ էր տրվել։ Այդ ժամանակ հանրությանը չէր տեղեկացվել։ Հետագայում ռուս զինծառայողների զրույցներից պարզ դարձավ, հետագայում ոչ պաշտոնական փաստաթուղթ հրապարակվեց և այլն։ Այսինքն՝ այս իշխանության հայտարարությունների մասով որևէ վստահություն չկա։ Համենայնդեպս ես ինքս չեմ հանդիպել։ Եթե կա այդպիսին, ապա իշխանությունը պետք է հրապարակի։ Իրավիճակը դրանով չի փոխվում, քանի որ Ադրբեջանն արդեն գործել է, և ժամանակը ցույց է տվել, որ պայմանավորվածություններն Ադրբեջանի դեպքում չեն աշխատում»,- նշեց Աբրահամյանը։