Զաքիր Հասանովը Սելչուք Բայրաքթարին պարգևատրել է շքանշանով
Ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարի հետ։ Xezerxeber.az-ը՝ ՊՆ կայքին հղումով, հայտնում է, որ պաշտպանության նախարարը ողջունել է հյուրին և ասել, որ ուրախ է նրան տեսնել Ադրբեջանում։
Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, նախարարն ասել է, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանում և ամրապնդվում են։
Հատուկ ընդգծվել է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում երկրի ղեկավարների բարեկամական հարաբերությունները։
Բայրաքթարը, որն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, նշեց, որ գոհ է Ադրբեջան կատարած այցից, և որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն փոխգործակցության ընդլայնման տեսանկյունից։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։
Վերջում պաշտպանության նախարարը Ս. Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության ոլորտում ծառայությունների համար» շքանշանով։