«Զանգեզուրյան միջանցքի» տալու մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 2001-ին, երբ խմբագիր էր. Ավետիք Իշխանյան
Բանակում 5-րդ շարասյան առկայության, 11 հազար դասալիքների եւ «Զանգեզուրյան միջանցքի» մասին Aravot.am-ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։
-Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում, իր ելույթում, պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս ասել էր. «…Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո: Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին, ով ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ». ուստի Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել»: Փաշինյանին տապալել ցանկացող մյուս երկիրն, ըստ ադրբեջանցի պատգամավորի, ՌԴ-ն է: Նման հայտարարություն Փաշինյանն իսկապես արել էր՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում, ապա, նույն օրը երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, վերախմբագրել էր իր հայտարարությունն այն բանից հետո, երբ Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ հանրահավաք սկսվեց: Վերջին մի քանի ամիսների զարգացումների եւ Տեղ ու Կոռնիձոր համայնքներում ադրբեջանական զինված ուժերի անարգել առաջխաղացման, այժմ փաստացի սահմանագծման աշխատանքների իրականացման համատեքստում, ի՞նչ ենթադրություններ ունեք:
-Ցավոք, ավելի քան համոզիչ են ադրբեջանցի պատգամավորի խոսքերը։ Շեշտենք, որ թյուրքական աշխարհի համար, որի մաս է կազմում Ադրբեջանը, Սյունիքն ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քան Արցախը։ Այն, որ Արցախից հետո, Ադրբեջանի «ախորժակը» բացվելու է, կասկած չունեի։ Չէի կասկածում նաև, որ թեկուզ որևէ խաղաղ զիջմանը, զիջող կողմին, այն է՝ Հայաստանին ստիպելու էին գնալ այլ զիջումների։ Եվ այդ ճնշումները լինելու էին անվերջ, ինչին այսօր ականատես ենք լինում։ Իսկ, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքին» համաձայնել, նշանակում է հանձնել ողջ Սյունիքը։ Իսկ այն, որ վարչապետ կոչեցյալը համաձայնել է հանձնել Սյունիքը, իբր կոմունիկացիաների բացման անվան տակ, այն է «Զանգեզուրյան միջանցք» տալով թշնամուն, կան նաև այլ փաստեր։ Դեռևս 2001թվականին, արդեն քաղաքական գործչի հայտ ներկայացրած «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, այսօրվա վարչապետ կոչեցյալը, հիացմունքով գրում է միջանցքի «օգտակարության» մասին, բացահայտ նշելով, որ այն թյուրքական աշխարհի վաղեմի ցանկությունն է։ Եվ քանի որ և այն ժամանակ և այժմ նրա մտածողությունը ոչ թե պետական է, այլ միայն ու միայն շահույթ ստանալու, ապա կարելի է վստահաբար պնդել, որ գալով իշխանության, նա հետևողականորեն իրականացնում է այս դավադիր ծրագիրը։ Այստեղից կարելի է և այլ հետևություն անել․ չէ՞ որ առանց Արցախի հարցը լուծելու, այն է՝ հանձնելու, «Զանգեզուրյան միջանցքի» մասին նույնիսկ խոսակցություններ չէին կարող լինել։ Երկրորդը փաստը Հայաստանի իշխանության խոսափողներից Ստեփան Գրիգորյանի հարցազրույցն է, տված 2021թ․ թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Հարցազրույցում սույն գործիչը առաջարկում է տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով և դրական է համարում «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը։ Ինչպես նշեցի, Ստեփան Գրիգորյանը պատահական գործիչ չի, նա ցանկալի հյուրն է, ինչպես վարչապետ կոչեցյալի, այնպես էլ իշխանական լրատվամիջոցների։
Եվ նրա այս խոսքերին չհետևեց ոչ մի իշխանական պատգամավորի հակահարվածը (նրա վրա թքելով լեզուն կկտրելով և այլն)։