Ադրբեջանցիների սադրանքի նպատակը ոչ թե Տեղ գյուղը գրավելն է, այլ խաղաղության պայմանագրի բանակցությունները խաթարելը. ՔՊ–ական
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի խոսքով՝ ադրբեջանցիների սադրանքի նպատակը ոչ թե Տեղ գյուղը գրավելն է, այլ խաղաղության պայմանագրի բանակցությունները խաթարելը:
Ըստ նրա՝ երեկ էլ պետք է լինեին բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, սակայն բանակցություններ տեղի չեն ունեցել. Ադրբեջանը դիմել է սադրանքի։
«Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եւ եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել։ Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետև հետո էլի եղան բանակցություններ, որ կանգնեցին մարտերը: Այդ պահին եղել է սադրանք, սկսվել է հրաձգություն, որը վերածվել է մեծ մարտի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ն երբեք չի ապավինել ադրբեջանցիների ողջախոհությանը․ «Ոչ մի դեպքում որևէ մեկի ողջախոհությանը, բացի մերից, մենք չենք ապավինում»: