Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար. Զախարովան՝ Տեղ գյուղի մոտակայքում սահմանային լարվածության մասին
Ռուսաստանի Զինված ուժերի և Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայությունը միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակը լիցքաթափելու համար։ Այս մասին ապրիլի 12-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում՝ Տեղ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել զինված միջադեպ։ Ցավոք, առկա տեղեկությունների համաձայն, կան զոհեր և վիրավորներ։
Այդ տարածքում գտնվող ՌԴ Զինված ուժերի և ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և ձեռնարկել դեէսկալացիոն միջոցներ»,- ասաց նա։
«Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը», - ընդգծել է Զախարովան։