ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը կհամագործակցեն մի շարք ոլորտներում
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԶՖԳ և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, նախարար Հովհաննիսյանը նշել է՝ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Այս իմաստով հատկապես ընդգծվել է ԶՖԳ-ի Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2022-ին իրականացված բյուջետային աջակցության ծրագրի կարևոր նշանակությունը:
Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել էներգետիկայի, ոռոգման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը էլ ավելի խորացնելու և Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու վերաբերյալ: