Երևան-Կապան չվերթը կատարած ինքնաթիռը պատկանում է ԶՊՄԿ հիմնադրամին, այն գնել են 7 մլրդ դրամով. պարզաբանում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր պարզաբանում է տարածել ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան փորձնական չվերթի հետ կապված։
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։
«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման համար ներդրվել է ավելի քան 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար՝ 300 միլիոն դրամ, օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար՝ 7 միլիարդ դրամ:
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով»,- ասված է ԶՊՄԿ հաղորդագրության մեջ: