Ես չեմ ասի, որ ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ էլ, օրինակ, ձեր ֆրակցիայի նիստերին. Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Պարոն Խաչատրյան, ակնհայտ է, որ պարոն Մանուկյանի գլխավոր դերում գտնվելու փաստով եկել եք այստեղ, ինչ-որ բան եք փորձում հրահրել, արտահայտություններ եք անում, բոցաշունչ ելույթներ ունենում, ասում եք՝ Վահագն Ալեքսանյանն այս մի կոնֆերանսին է, մյուսին է… Կարո՞ղ է հույսը նրա վրա է, որ ես էլ գամ, ասեմ՝ ոչ, ես ոչ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ոչ, օրինակ, ձեր ֆրակցիայի նիստերին»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նա հորդորեց մնալ պարկեշտության սահմաններում:
«Եթե կարծում եք, որ ինձ հետ բանավիճելու կամ անձնական քննարկելու բան ունեք, ինչքան հիշում եմ, Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս փորձել է Ձեզ հետ կազմակերպել իմ բանավեճը, բոլոր անգամներից հրաժարվել եք, ինչպես և Ձեր խմբակցության 100 %-ը, այնպես որ, խնդրում եմ Ձեզ այստեղ այնպես՝ պասիվ-ագրեսիվ դերում հանդես չգալ, որովհետև դասականը կասեր՝ մենք տեսել ենք հայտնի բանը»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Մինչ այդ ելույթը՝ Արթուր Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստը նախագահող Հակոբ Արշակյանից փորձում ճշտել, թե ինչու է Հակոբ Ռուբինյանն Արարատ Միրզոյանի հետ մեկնել ԱՄՆ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցությունների: