Բանակցությունների ընթացքից է կախված՝ Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ․ Եղոյան
ՔՊ-ական Արման Եղոյանը վստահեցնում է՝ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, զարմանալու տեղիք չպետք է տա:
«Ռուբինյանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ»,- ասաց Եղոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուբինյանն ԱԺ փոխխոսնակն է, ու ոչ մի վատ բան չկա, որ նրա դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում բանակցություններին։
Արձագանքելով լրագրողների հարցին, նա նկատեց, որ Ռուբինյանի ներկայությունը չի նշանակում, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են»,- նշեց նա։
Ըստ Եղոյանի՝ բանակցությունները երկար են տևելու, քանի որ բովանդակային քննարկում է լինելու։
«Բանակցությունները տեղի են ունենում, որ վերջում լինի արդյունք։ Եթե բոլոր հարցերի շուրջ հնարավոր լինի համաձայնության գալ, բնականաբար, այն պիտի նաև արձանագրվի։ Ընթացքից է կախված՝ կլինի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ»,- նշեց Եղոյանը։