Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման առաջիկա շաբաթներին․ Բլինկեն
ԱՄՆ Պետդեպարտամենտը գիտի, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակման է նախապատրաստվում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիները պատրաստվում են հակահարձակման առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։
Բլինկենի կարծիքով` ռազմադաշտում հաջողությունը լավագույն և, հավանաբար, ամենաարագ ճանապարհն է իսկապես բանակցություններ սկսելու համար, որոնք կհանգեցնեն արդար և կայուն խաղաղության»։
Խոսելով Չինաստանի խաղաղության ծրագրի մասին՝ Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ը բաց է ցանկացած երկրի համար, որը պատասխանատու ջանքեր է գործադրում խաղաղության առաջխաղացման համար։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ բոլորը, ովքեր ներգրավված են խաղաղության առաջխաղացման ջանքերում, ուղղակիորեն խոսեն ուկրաինացիների հետ։