Հրաձգություն Սերբիայում․ կա 8 զոհ և 13 վիրավոր
Սերբիայում՝ Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում, հրաձգություն է տեղի ունեցել։ Տեղի Evening News թերթի փոխանցմամբ՝ արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 13-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 4-ի ուշ երեկոյան։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրյալ կրակողը շրջապատված է ոստիկաններով, սակայն չի համաձայնում հանձնվել։ Իրավապահ մարմինները մտավախություն ունեն, որ նա պատանդներ է վերցրել, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։
Թերթը գրում է, որ տղամարդը վիճաբանել է մի քանի հոգու հետ, որից հետո գնացել է տուն, ինքնաձիգով վերադարձել ու կրակել։ Ոստիկանները փակել են մոտակա խաչմերուկները։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Բելգրադում յոթերորդ դասարանցին կրակ էր բացել դպրոցում: Արդյունքում զոհվել է տասը մարդ։ Մայիսի 5-ից մայիսի 7-ը Սերբիայում սուգ է հայտարարված։