Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի․ Ալեն Սիմոնյանը «մեծահույս» է Թուրքիայի հարցում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում մամուլի ասուլիսում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին և կրկին նշել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից՝ չհստակեցնելով, թե ինչ կարծիք ունի 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունից օկուպացված սուվերեն տարածքների մասին։
«Ես ուզում եմ մի քանի արձանագրում անել՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, մենք պատրաստ ենք և շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու․ «Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա մարդիկ և բեռները կարող են տեղաշարժվել ազատ ձևով, իհարկե, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու ինքնիշխանությունը։ Մենք առաջարկել ու առաջարկում ենք Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին և ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի։ Եվ մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշեց նա։