Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, այլ ֆորմատի մեջ է. Արմեն Խաչատրյան
Ամեն ինչ արվում է, արվելու է Լեռնային Ղարաբաղի մեր բնակչության անվտանգության մակարդակն ապահովված լինի: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սադրել, անգամ էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում։
«Վստահ եմ՝ Ադրբեջանի պարագայում միշտ էլ լինելու են սադրանքներ։ Ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու»,- ասաց նա:
Արմեն Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանի կողմից 1-2 կրակոցը մեր դիրքերի ուղղությամբ, ևս սադրանք է, ամեն րոպե պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի։
Հարցին՝ երբ իշխանություններն ասում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում նաև Շուշիի ու Հադրութի մասի՞ն է խոսքը, նա պատասխանեց. «Շուշիի և Հադրութի հարցով միշտ սադրում եք: Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Թեև ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում Ադրբեջանի գործողություններից։ Ցավը հենց այստեղ է։
Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, այլ ֆորմատի մեջ է»։