Թուրքիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չենք միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներին։ Մենք ելնում ենք մեր շահից և մեր բարգավաճումից»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ միևնույն ժամանակ Անկարան ուշադիր հետևում է Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների իրականացմանը։
Չավուշօղլուն քննադատել է նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ասել է, որ իշխանության գալու դեպքում առաջնահերթությունը կտա ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը։ Չավուշօղլուն նշել է, որ հանրահավաքներից մեկում քաղաքական գործիչը բոլորովին այլ բան է ասել, մասնավորապես, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին «ոչ մի բան չի սպառնա»։