Այն պնդումը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է. ՔՊ-ական պատգամավոր
Մեր ներհանրային կյանքում շատ է քննարկվում, թե արդյոք Հայաստանին ձեռք է տալիս բացվի՞ հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանը բացումը և դա ձեռք տա Թուրքիային միայն, ապա վերջինս հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում: Որովհետև Հայաստանն այդ սահմանը չի փակել, այլ այն միշտ բաց է պահել: Սահմանը փակել է Թուրքիան, քանի որ դրանով Հայաստանին ճնշում է: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան այդ մասին երբեք չի թաքցրել և դրանով նրանք աջակցում են Ադրբեջանին: «Սա ցույց է տալիս, որ այն պնդումը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու պարզապես ծիծաղելի է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական ավելացման: Եվ, բնականաբար, Թուրքիան, որպեսզի աջակցի Ղարաբաղյան հարցում Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը փակ է պահել երկար տարիներ՝ չթաքցնելով դա»,- նշեց Պապոյանը:
Նրա խոսքով՝ այսօր էլ, եթե Թուրքիան իմանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը մեր Հայաստանի համար վնասներ է լինելու և միայն իրենց համար օգուտներ, բնականաբար կբացեր: «Ուստի սա պարզապես ջախջախում է այն թեզը, որ հայկական քաղաքական դաշտում վայ քաղաքագետներ, վայ տնտեսագետներ և վայ ինչ-որ շրջանակներ, մշտապես այդ թեզն առաջ են տարել»։