Համախմբումը մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն որևէ մեկը չի առաջարկել հստակ փոփոխություններ. Վահե Հովհաննիսյան
«Համախմբում անհրաժեշտ է, դա այս մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն համախմբումն անհասցե կոչ չէ»։ «Համախմբումը որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ համախմբումը պահանջում է մենեջմենթ, ռեսուրս, ճանապարհային քարտեզ և, եթե այս ամենը լինի, կարճ ժամանակում կլինի տեսանելի արդյունք։
«Մենք պետք է համախմբվենք պետության գաղափարի ու ապագայի հեռանկարի շուրջ, ո՞նց ենք ապրելու, որտե՞ղ, ի՞նչ անվտանգային համակարգում»,–ասաց Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հասարակության 80-90 տոկոսն ուզում է փոփոխություն, բոլոր հարցումները դա են ցույց տալիս, քանի որ հոգնել է անվտանգային խնդիրներից, ամեն առավոտ պատերազմի մասին լսելուց։ Սակայն միաժամանակ, որևէ մեկը չի առաջարկել հստակ փոփոխություններ։
Այս պահին նա առաջարկում է համախմբում անազատության մեջ գտնվող Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության շուրջ, քանի որ սա մեկ անձի ապօրինի հետապնդում չէ։