Նարկոտիկների բիզնեսի մեջ իշխանության ձեռքը խառն է․ այն ուղղված է երիտասարդների դեմ․ Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ենթադրում է, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտ 4 տոննա կոկաին: Պատգամավորի մոտ, դրա հետ կապված, առաջանում են հարցադրումներ․ որտեղի՞ց այն անհայտ ծագման գումարները, որ տնտեսության մեջ կան, հիմնականում շինարարության ոլորտ են մտնում:
«Մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ նրանց գումարները հիմնականում լվացվելու, մաքրվելու համար շրջանառվում է շինարարության մեջ: Այստեղից էլ պատասխանը, թե ինչու է դոլարն այդքան էժանանում Հայաստանում: Թերևս նարկոտիկների բիզնեսի մեջ դնելու համար ոմանց էժան դոլար է անհրաժեշտ»,- ԱԱԾ դիմաց «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց նա։
Թևանյանն այս գործում տեսնում է իշխանության ձեռքը։
«Չորս տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա Հայաստանում, որն ավելի քան 1 միլիարդ դոլարի գումար է ենթադրում։ Բնական է, որ Հայաստանի պայմաններում սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ։ Ըստ էության, կարելի է ասել՝ Հայաստանի իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել և այդ ամեն ինչի հետ կապված մենք ողջամիտ կասկածներ ունենք, և ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մեկը, ով կարող էր 1 միլիարդ դոլարի շրջանառություն ապահովեր և դա լիներ իշխանություններից դուրս»,-ասաց նա։
Պատգամավորի դիտարկմամբ` ազգային անվտանգության սպառնալիքները գալիս են Արցախի ու Հայաստանի մասով գործընթացներից։
«Նարկոտիկների հետ կապված դեպքերն առանձնահատուկ կապ ունեն ազգային անվտանգության հետ»,- ասաց Թևանյանը՝ պատկան մարմիններից ակնկալելով ստանալ մեկնաբանություններ։
Թևանյանը հիշեցրեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի հայտարարությունը. «Այն ժամանակ կասկածներ էր հայտնել, որ ցեմենտի անվան տակ կոկաին է ներմուծվում, և դրանից հետո նա հայտնվեց անազատության մեջ»։
«Հայտարարում էին, որ կոռուպցիա չկա, ամեն ինչ թափանցիկ է, բայց հիմա փաստորեն մաքսային մարմիններից տեղեկացանք, որ մաքսանենգ ճանապարհով մեկ տոննայի չափ բանանի անվան տակ ներկրվել է թմրանյութ: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգային կոռուպցիան վերացել է, սուտ է: Գործ ունեն կոնկրետ փաստի հետ, առնվազն 1 միլիարդ դոլարի անհայտ ծագման շրջանառության գումար կա, որը ներմուծվել է նարկոտիկների բիզնեսի մեջ, որն ամենակեղտոտ բիզնեսն է, որն ուղղված է մեր երկրի դեմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ սա ուղղված է մեր երիտասարդության դեմ։
«Փորձում են երիտասարդներին շշմեցնել, թմրեցնել»,- ասաց Թևանյանը։