Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների. Ռուբեն Վարդանյան
Մենք պետք է միասին հասկանանք՝ Արցախի ապագան մեր ձեռքերում է, ոչ թե ուրիշների: Որ մենք ենք որոշում Հայաստանի ապագան: Եվ այդ գաղափարի շուրջ միավորվել են շատ տարբեր ճանապարհներ անցած մարդիկ, որոնք ունեն տարբեր փորձ, տարբեր տարիք: Այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ շատ կարևոր օրինակ է, որ Արցախում հնարավոր է, որ մարդիկ կարողանան միավորվեն ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ:
«Ես ուրախ եմ, որ մարդիկ միավորվել և հասկացել են այսօրվա շատ սուր իրավիճակը: Մենք կանգնած ենք, որպես մարդիկ, որոնք պատասխանատու են մյուս սերունդների առջև: Մենք են պատասխանատու մեր ապագայի համար: Կարող եմ ասել, որ առաջին քայլը, որը մենք արեցինք` իրար աչքերի մեջ նայելով խոսեցինք անցյալի մասին, լավ ու վատ անցած ճանապարհների մասին և իհարկե խոսել ենք գաղափարի մասին: Ինձ թվում է՝ գործողություններն առանց գաղափարի շատ վտանգավոր են: Ուղղակի ասել, որ այս կամ այն բանը պետք է նայենք առանց հասկանալու, թե ուր ենք գնում և վերջում ինչպես ենք տեսնում մեր նպատակը՝ շատ կարևոր է»,- նշեց Վարդանյանը: