29.800 քառ․ կմ և 86․600 քառ․ կմ․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջ մղումը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ընթանում են ինտենսիվ բանակցություններ, և մենք հույս ունենք հնարավորինս արագ հասնել համաձայնության՝ տեքստի շուրջ և ստորագրել այն։
«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար՝ 29.800 քառ․ կմ և 86․600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը։ ԼՂ-ի հայության իրավունքների ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսության։ Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը և բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են։ Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունը, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց, կարծում եմ, այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը։