ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգում է, գիտեք՝ մեզ ուրիշները զենք չե՞ն առաջարկում. Նիկոլ Փաշինյան
Ես նախորդ ասուլիսում անդրադարձել եմ ՀԱՊԿ-ի թեմային։ Ինչո՞ւ է այդ հարցը բարձրացել։ Բարձրացել է, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս ՀՀ-ից։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ապա դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի՝ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պարզաբանելով՝ նա ասաց, որ ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով նկատի ունի առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։
«Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Ո՛չ, քանի դեռ կա հարց քննարկելու, դա քննարկվում է։ Տեսե՛ք, քննարկվում է՝ մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա։ Ինչո՞ւ չի գալիս։ Ի՞նչն է պատճառը։ Մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել ՀՀ-ից։ Դե որ դուրս է եկել, մենք էլ ի՞նչ անենք։ Ուրիշ բան մնո՞ւմ ա մեզ անելու։ Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ապա ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Էդ դուք գիտեք ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի՞ ունեցել։ Կամ հնարավորություններ չի՞ ունեցել այլ երկրներից սպառազինություն, ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, եղել են հնարավորություններ, բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ պայմանագրի կազմակերպության անդամ լինելով։ Ասվել է, որ ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- նշեց Փաշինյանը։
Հարցին՝ դուրս գալու որոշումը չի՞ փչացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները, Փաշինյանն ի պատասխան հարցադրում արեց, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ չունի։
«Էս վերջերս սոցիոլոգիկան հարցում էր արվել և մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի վստահելիությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է։ Հարաբերություններ ասելով հո միայն ղեկավարների միջաձնային հարաբերությունները չե՞ն»,- նշեց Փաշինյանը։