Նախորդ իշխանությունների մեծագույն սխալն է, որ Ձեզ ու Մնացական Մարտիրոսյանի նման դատավորներ են մեզ «պարգևել». Խամոյանը՝ Դանիելյանին
Ե՛վ Ձեր, և՛ Մնացական Մարտիրոսյանի դեպքում, այո՛, դուք նախորդ իշխանությունների ժամանակ եք դատավոր նշանակվել: Եվ ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ «պարգևել» են, ներողություն եմ խնդրում, ձեզ նման դատավորներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին:
Խամոյանի խոսքով՝ քիչ էր մնում իր իր աչքերն արցունքներով լցվեին այն ժամանակ, երբ Դանիելյանն իրեն էր ներկայացնում:
«Կարծես՝ մենք ՀՀ-ում չենք ապրում, մասնագիտական հանրության, հանրույթի, փաստաբանների ու Ձեր գործընկերների հետ չենք շփվել և ծանոթ չենք Ձեր 20 տարվա գործունեությանը: Անկեղծ եմ ասում: Դուք էնպիսի գովեստի խոսքեր էինք հնչեցնում Ձեր հասցեին: Օրինակելի կերպարի ձևավորման վրա ասում եք՝ ձեր օրինակով: Այդ ո՞ր օրինակով, պարո՛ն Դանիելյան: Այն, որ տարբեր իշխանությունների ժամանակ, գործերից մեկում մի կողմին չեք լսո՞ւմ: Վերջին դեպքի մասին չի խոսքը: Ով որ օրվա իշխանությունն է, Դուք հարմարվում եք այդ իշխանություններին: Եվ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ նախորդ իշխանությունների մեծագույն սխալն այն է, որ Ձեր ու Մնացական Մարտիրոսյանի նման դատավորներ են մեզ «պարգևել»»,- նշեց Խամոյանը: