Էրդողանը հրաժարվել է Քըլըչդարօղլուի հետ բանավիճելուց. «Մենք քննարկելու բան չունենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մերժել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։
Քըլըչդարօղլուն հանրապետության գործող ղեկավարին հրավիրել է հեռուստաբանավեճի՝ ապացուցելու Էրդողանի համագործակցությունն ահաբեկիչների հետ: Էրդողանն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չի կարողանում ապացուցել ահաբեկիչների հետ իր համագործակցությունը, ապա նա անազնիվ մարդ է։
«Հիմա նա ինձ հեռուստատեսություն է կանչում։ Ինչի՞ մասին ես խոսելու ինձ հետ։ Նա չունի ձեռքբերումներ, չունի տեսլական: Արդյո՞ք ես պետք է ձեզ հետ քննարկեմ Ստամբուլի շրջանի սոցիալական ապահովագրության բաժնի հարցը: Կամ խոսենք, թե ինչպես եք 40 մանդատ տվել խորհրդարանում նրանց, ովքեր ընտրություններում նույնիսկ 1 տոկոս ձայն չեն հավաքել»,- ասել է Էրդողանը: