Երբ ասել ես՝ առանց Արցախ, չկա Հայաստան, ապա դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ չես հեռանում, որ չտեսնեն քո դժգույն ու դժբախտ դեմքը. Վարդանյանը՝ Փաշինյանին
Վերջերս ասում է, որ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել: Բայց նաև ասում է, որ հանրաքվե չենք անելու, քանի որ պատասխանատվությունից խուսափել կնշանակի: Խոսում է Կադաստրի վկայականի մասին: Անկախության հանրաքվե անցկացրած, Սահմանադրություն ունեցող, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, որ մենք Կադաստրի վկայական չունենք: Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Շարունակելով իր խոսքը՝ Վարդանյանն ասաց. «Ումի՞ց ես ուզում վկայական, Ալիևի՞ց: Որովհետև այլ տարբերակ չկա: Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են Սովետական Միությունից սկսած՝ Հայաստան-Իրան սահմանները հստակ են: Մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը: Ես ուզում եմ, որ մենք մեր հիշողությունները թարմացնենք ու ամեն ինչ շարունակականության մեջ տեսնենք: Այս մարդը (խմբ. Փաշինյան) պատերազմից առաջ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Պատերազմից հետո ասել է՝ «Հադրութի, Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում»: Իսկ հիմա ասում է՝ «Արցախն Ադրբեջան է»: Ամենագլխավորն ասել է պատերազմի ժամանակ՝ «Առանց Արցախ, չկա Հայաստան»: Վերջինս իր միտքը չէ: Հրանտ Մաթևոսյանի և մեր մյուս մեծերի խոսքն է կրկնում ընդամենը: Իսկ մեր մեծերը հենց հայ ժողովուրդն են: Այս խոսքն իրականություն է: Հայաստանն Արցախով մի ուժ է, մի գործոն է, առանց Արցախի՝ գործոն չդարձնող տարածք: Այսքանից հետո, երբ ասել ես «Առանց Արցախ չկա Հայաստան», ապա դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ: Ի՞նչ պատճառով է, որ չես հեռանում ու ամեն օր տեսնում ենք քո պարտվածի դժգույն ու դժբախտ դեմքը նաև միջազգային ասպարեզներում»,- նշեց Վարդանյանը: