Եթե կոմունիկացիաների բացումը միայն մեզնից կախված լիներ, ապա այդ հարցը վաղուց լուծված կլիներ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Մոսկվայում կայացած՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված թեմաներին, խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:
«Մենք ասել ենք, որ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը: Խոսքը 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է: Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք: Հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Նաև ուզում եմ ասել՝ մենք տրամադրված և շահագրգիռ ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Իմ ասած սկզբունքի շրջանակում բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում: Մենք ճկուն, կառուցողական դիրքորոշում ունենք»,- նշեց Փաշինյանը:
Նա վստահ է՝ կոմունիկացիաների բացումը կխթանի ՀՀ-ի տնտեսական զարգացմանը:
«Պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը: Էլի եմ ասում՝ ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախված: Եթե միայն մեզնից կախված լիներ, ապա վաղուց լուծված կլիներ»,- նշեց Փաշինյանը: