Հարավային Օսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ հանրապետությունը շուտով կմտնի Ռուսաստանի կազմ
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հույս է հայտնել, որ հանրապետությունը շուտով կմտնի Ռուսաստանի կազմ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Հարավային Օսիայի Հանրապետությունը նույնպես լիովին աջակցել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքին։ Մենք ուրախ ենք մեր ընկերների համար, որ եկել է պատմական պահ, երբ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ժողովրդի ցանկությունը համընկավ այդ քայլն իրականացնելու աշխարհաքաղաքական հնարավորության հետ։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ հերթը կհասնի Հարավային Օսիային»,- ասել է Գագլոևը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի գլխավոր դաշնակիցն է և կլինի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա առթիվ։ Հարավային Օսիայի նախագահը Ռուսաստանի ղեկավարին և Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդին մաղթել է առողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք նրանց գլխին։