Երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականանա՞ն, թե` ոչ, կախված է հայ ժողովրդից և, առաջին հերթին՝ Մայր Հայաստանից: Եթե այնտեղ շարունակեն մտածել, թե Ալիևի ասածներն ուղղակի խոսքեր են և չսթափվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը»: Անդրադառնալով Ալիևի օր օրի ահագնացող սպառնալիքներին, նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը` ընդգծելով.
— Արցախում շատ վաղուց հասարակությունն ու ղեկավարությունը միակամ են կարգավիճակի հարցում` Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում ընդգրկվել:
ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված: Դրանով Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության և բանակցությունների կողմ: Հետևաբար այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի: Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ, թե նախագահ, պաշտոնապես ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:
Կրկնում եմ, ստորակետներից մեկը դրվեց, մնաց պաշտոնական փաթեթավորված, իրավական ձևակերպումները և ժողովրդի կարծիքը: Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաև ԱԺ-ն, երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։