Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը համապատասխանում է ողջ Հարավային Կովկասի շահերին․ Ղարիբաշվիլի
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Ինչպես գրում է Haqqin.az-ը՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
Նրա խոսքով` Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը համապատասխանում է ողջ Հարավային Կովկասի շահերին։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդ դեր խաղաց 2021 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո: Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։