Արայիկ Հարությունյանը մետրոն ու տաքսին չի մոռանում, բայց երբեմն էլ ծառայողական մեքենայի վրա լուսաձայնային փարոսիկ տեղադրելու կարիք է լինում
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որ իշխանության սկզբնական շրջանում խոստանում էին, որ ծառայողական մեքենաների թիվը կնվազի, սակայն դրանք տարեցտարի ավելանում են։
«Ո՞ր տվյալների վրա եք հիմնվում, որ ավելացել է»,- հարցով դիմեց նա լրագրողների դիտարկմանը։
Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ երբեմն ստիպված է լինում տաքսիով ու մետրոյով երթևեկել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ երբեմն էլ անհրաժեշտություն է լինում իր մեքենայի վրա լուսաձայնային փարոսիկ տեղադրելու, քանի որ տեղից տեղ գնալիս՝ դա անհրաժեշտ է։
«2018 թվականի մետրոյի հայտնի լուսանկարից հետո փնտրեք և գտեք մի հարցազրույց, որը ես տվել եմ և որում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտություն է, և ես օգտվելու եմ դրանից, որովհետև երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է, քան այլ միջոցներով տեղափոխվելը։ Շատ վատ է, որ վերցնում եք այն հատվածը, որը ձեզ պետք է և դա եք մեկնաբանում և չեք մեկնաբանում այն հարցազրույցները, որոնք եղել են հենց այդ նույն ժամանակահատվածում»,- ասաց նա։
Հարցին, որ ընդհանուր պետական համակարգի ծառայողական մեքենաների թիվն է աճել՝ գերազանցելով 1000-ը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Հարցում արեք, մենք կնայենք, կասենք, թե ինչու»,- ասաց Հարությունյանը։