Հայկական կողմի համար ավելի օգտակար կլինի սահմանազատման աշխատանքներ սկսել, քան առաջ քաշել 1975 թվականի քարտեզը․ Ադրբեջանի ԱԳՆ
Սահմանազատման գործընթացը, որ մինչ այժմ Ադրբեջանն իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ «իրավական նշանակություն» ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Ինչպես գրում է APA-ն՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որում Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
«Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում: Կոնկրետ դեպքում հայկական կողմի համար ավելի օգտակար կլինի սահմանազատման աշխատանքներ սկսել, քան առաջ քաշել 1975 թվականի քարտեզը։ Մի մոռացեք, որ հենց Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում 2020 թվականի պատերազմից հետո սահմանների սահմանազատման վերաբերյալ մեր երկրի առաջարկներից որևէ մեկին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։