Ալիևը չի հաստատել, բայց չի հերքել․ Միրզոյանը հասկանում է՝ Ալիևի ախորժակը կարող է բացվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հավատացնում է՝ Ադրբեջանի նախագահը կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նրան չի հուզում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ օրս պաշտոնապես չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29,800 քկմ տարածքը։ Միրզոյանի համար կարևորն այն է, որ չի հերքել․․․
«Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է ԵՄ խորհրդի նախագահ Միշելի կողմից հայտարարութամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները, որից հետո Ադրբեջանի կողմից հրապարակային հերքում չի արվել»,- ԱԺ-ում ասում է Արարատ Միրզոյանը։
Միևնույն ժամանակ, Միրզոյանը խոստովանում է՝ Ալիևի ախորժակը կարող է բացվել, կամ, ինչպես ինքը՝ Միրզոյանն է ձևակերպում, Ադրբեջանը կարող է նոր տարածքային պահանջներ դնել ՀՀ-ի առաջ։
«Մտահոգություն ունենք, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջ ունի ՀՀ-ի նկատմամբ։ Սրա մասին էր 2022թ-ի սեպտեմբերյան պատերազմը, մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը և ահա այսպիսի բաները վերացնելու համար է, որ ՀՀ-ն շահագրգիռ է օր առաջ սահմանազատման հասնել»,- ասում է Միրզոյանը։