Հստակ քարտեզ չկա սահմանազատման համար, բայց որքանով ինձ հայտնի է՝ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ․-ի քարտեզի վերաբերյալ․ Միրզոյան
Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները դեռևս վերջնական հստակեցում չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կա պարտավորություն և հանձնառություն, այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին համահունչ։ Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։
«Նաև որքանով ինձ հայտնի է, վերջին քննարկման ժամանակ՝ Քիշնևում, Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքներն այդ քարտեզով՝ միջազգային ողջ հանրության և Հայաստանի Հանրապետության կողմից։ Կարող ենք իհարկե քննարկել, թե ում և ինչն է ավելի ձեռնտու, բայց կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ։ Մենք կարծում ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը 1975 թվականի քարտեզով ճանաչելը և այդ հիմքով դելիմիտացիայի աշխատանքներ սկսելն ընդունելի լուծում է ՀՀ-ի համար։ Սա ըստ էության խոսվել է Պրահայում, բայց կոնկրետ քարտեզի որոշում, նորից եմ ասում՝ չկա»,- նշեց Միրզոյանը։