Խաղաղության պայմանագրի նախագծում, այս պահին, անկլավների մասին պնդումներ չկան․ Արարատ Միրզոյան
Եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն՝ այդ անկլավներն ինչի հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյություն ունենալու, թե՞ տենց իներցիայով բոլորը սկսել են ասել անկլավ, բայց չկա։ Խնդրում եմ անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևոր դետալ, այն է, որ կար ադրբեջանական ԽՍՀՄ-ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով անկլավների հետ կապված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Միրզոյանի խոսքով՝ քաղաքական առումով գյուղեր են եղել, որոնք համարվել են անկլավներ, բայց սահմանազատման գործընթացը լրջագույն իրավական գործընթաց է։
«Այդտեղ ամեն հավակնություն, որը կունենա տվյալ երկիրը, հիմնավորման կարիք ունի, սա մեծ գործընթաց է, որի մասին արհեստավարժ դատողություններ անել ինձ թույլ չեմ տալիս։ Քաղաքական առումով, այո՛, այդ անկլավները եղել են, բայց հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ամեն ինչ նայեն, իրավական հիմնավորում անեն, այդ թվում և անկլավների հարցում։ Ես լավ չեմ հասկանում, որ դուք ասում եք՝ անկլավների հարցում ամբողջ պատասխանատվությունը մերն է. խաղաղության պայմանագրի նախագծում, այս պահին, անկլավների մասին պնդումներ չկան։ Մեր ասած յուրաքանչյուր բառի համար մենք պատասխանատու ենք»,- նշեց Միրզոյանը։