Դատարանի մոտ ձրի կամ վճարովի գինի չկար, ցկցկալու կամ տժժալու երաժշտություն չկար․․․ դատարանի մոտ մի քանի հարյուր հոգի էինք․․․
«Երկու շաբաթ առաջ, երբ դատարանի մոտ հավաքվում էինք ի աջակցություն տիկին Գայանեի, Արշակունյաց պողոտայի վրա կայանելու տեղ չկար»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արման Հայրապետյանն ու հավելել․
«Սկզբում ուրախացա, որ ստիպված եմ մինչև Երևան մոլ իջնել ու անգամ շրջադարձ անել, դիմացի մայթին կայանել մեքենաների առատության պատճառով։ Բայց հետո հասկացա, որ մեքենաների կեսը ոստիկաններինն էին։
Մեզ հավասար ու մի բան էլ շատ ոստիկաններ էին բերել։
Այդ դատը պետք է չլիներ, եթե եղել էր, գոնե ասեղ գցելու տեղ չլիներ, որ դատավորը հասկանար, թե ինչ բարոյական և իրավական նորմեր է խախտում, որ պատկերացներ, թե իր հետ հետո ինչ է լինելու, բայց ընդամենը մի քանի հարյուր հոգի էինք։
Դատարանի մոտ ձրի կամ վճարովի գինի չկար, ցկցկալու կամ տժժալու երաժշտություն չկար, դատարանի մոտ քուլ մթնոլորտ չկար, դատարանի մոտ մի քանի հարյուր հոգի էինք, մինչ դատարանում արդարադատությունն ու արդարությունն էին թաղում։
Տիկին Գայանեին կրկին կալանավորեցին։ Իսկ ամսի 10-ին իր որդու տարեդարձն է, տարեդարձ, որը նա այլևս երբեք չի կարողանա նշել, իսկ մայրն անգամ իր շիրիմին այս տարեդարձին չի կարողանա այցելել...»: