ՆԱՏՕ-ն ծրագրում է ակտիվացնել օգնությունն Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Վիլնյուսի գագաթնաժողովում նախատեսում է ակտիվացնել օգնությունն Ուկրաինային։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին նա հայտարարել է Բրատիսլավայում ընթացող Բուխարեստի իններորդ գագաթնաժողովում։
«Մենք կուժեղացնենք Ուկրաինային օգնությունը բազմակողմ փաթեթով, որն ուկրաինական ուժերը կհասցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին և Ուկրաինան կմոտեցնի ՆԱՏՕ-ին»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայի օգտին որոշումների բացակայությունը ՆԱՏՕ-ի պարտություն կլինի։
Կուլեբան Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է նաև, որ Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP) չպետք է խանգարի երկրին անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ այդ մեխանիզմը «գերազանցել է իրեն»:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան, ըստ ուկրաինական իշխանությունների, լիովին իրավունք ունի «պայքարել եվրատլանտյան անվտանգության համար»՝ չլինելով դաշինքի անդամ։