Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձ է անում ցույց տալ, թե աշխատում է. սոցիալական ցանցի պաշտոնական էջում հաղորդագրություններ է տարածում, սակայն իրականում այս մարմնում գործառույթներն ամբողջովին չեն կատարվում։ Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2021թ. ապրիլի 22-ին է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել ՀՀ կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
Տեսչական մարմնի գործառույթների մեջ նշված է․ «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի ոլորտներում»։
Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ հանքավայրի ստուգման մասին տեղեկություն այդպես էլ չենք հանդիպել։
Իրականում պատճառն այն է, որ տեսչական մարմնում անգամ համապատասխան մասնագետներ չկան ծանր հանքարդյունաբերության ստուգումների համար: Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:
Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Եվ այս պայմաններում այս ոլորտը ստուգող մասնագետներ, չկան պետական տեսչական մարմնում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում