Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է առանձին կացարանից. նախագահը՝ մերժված կերպար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեև իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց ԱԺ-ում, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը: Նա անգամ կառավարական ամռանոցներում առանձնատուն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանին առանձին կացարան է առաջարկվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն կացարանն այնքան անբարվոք, ապրելու համար ոչ պիտանի վիճակում է եղել, որ նախագահը հրաժարվել է դրանից, չի ցանկացել ապրել կառավարական՝ իրեն հատկացված բնակարանում:
Թեև իշխանության վերին օղակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոստացել են, որ բնակարանը կարճ ժամանակում կվերանորոգվի և կհանձնվի նախագահին, սակայն այն մինչ օրս պատրաստ չէ, դեռ նորոգումները շարունակվում են, իսկ Վահագն Խաչատուրյանը ապրում է իր հին բնակարանում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ անդամ էր, ով 2022թ.-ին դադարեցրել էր իր անդամակցությանը ՀԱԿ-ին՝ ՔՊ-ի կողմից առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու:
Նա դադարել է լինել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, քանի որ առաջին նախագահը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» որակեց, իսկ Խաչատուրյանը, փաստորեն, «ազգակործան պատուհասի» հետ կիսում է պատասխանատվություն՝ մերօրյա ազգակործան քաղաքականության մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։