Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է. ՔՊ-ական պատգամավոր
Երեկվա և ընդհանրապես վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը մտահոգիչ է, հատկապես որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին: Եվ մենք կրկին այստեղ Ադրբեջանի այն վարքագիծն ենք տեսնում, որ բանակցությունների ընթացքում կամ դրանց ընդառաջ փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել: Թիրախավորվել է գործարանը, որտեղ շինարարություն էր ընթանում, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, և որը չափազանց կարևոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Նրա կարծիքով՝ այդ մասով իր մտահոգություններն արտահայտել է նաև ԱԳՆ-ն:
«Բայց սա չի փոխում մեր դիրքորոշումները: Մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին: Եվ ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է իր դիտարկումների մասին: Կարծում եմ՝ երեկվա միջադեպով էլ վստահաբար պետք է լինի»,- նշեց Խանդանյանը:
Հարցին, ինչպես է նա պատկերացնում խաղաղությունն ու ագրեսիան միասին, պատգամավորը նշեց. «Խաղաղության ընտրությունն է: Իսկ ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է: ՀՀ կառավարությունը, կարծում եմ, որ արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու հանձնառությունն ու նվիրվածությունն այս գործընթացին: Սա նաև ակնհայտ է միջազգային գործընկերների համար, և մեր կոչն ու պահանջն է միջազգային կառույցներին, որ զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»: