Այո՛, հիշում եմ, սովորում էի. Ջանջուղազյանը խուսափեց պատասխանել, թե ինչ էր զգում 1988թ.-ին, երբ որոշում կայացվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմ մտնելու մասին
Ցանկանում եմ մի փոքր բյուջեի թվերից այն կողմ գնանք: Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին հարց հղելուց առաջ:
Մանուկյանը, դիմելով Ջանջուղազյանին, ասաց, որ այսօր ևս մեկ պատմական օր է: 1988թ.-ի հունիսի 15-ին Երևանում՝ ուսանողական երկարատև նստացույցից, բողոքի ցույցերից հետո, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը պատմական որոշում կայացրեց: Մասնավորապես կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզխորհրդի պատգամավորների փետրվարի 20-ի դիմումին, առ այն, որ ԼՂԻՄ-ն ընդգրկվի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) կազմ:
«Մենք տարեկից ենք: Ես համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում եմ սովորել այդ օրերին, իսկ Դուք՝ Պոլիտեխնիկում: Կհիշե՞ք այդ օրերը, և ի՞նչ էիք զգում»,- հարցրեց Մանուկյանը Ջանջուղազյանին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գեղամ Մանուկյանին հիշեցրեց, որ այս պահին ԱԺ-ում հարցերին պատասխանում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Մանուկյանն իր հերթին արձագանքելով Սիմոնյանին ասաց. «Պարոն Սիմոնյան, հենց էդ ա, հաշվեքննություն է»:
Ջանջուղազյանն էլ իր հերթին պատասխանելով հարցին ասաց. «Այո՛, հիշում եմ, սովորում էի: Շնորհակալություն»