Արմենն առաջինն էր, որ բարձրաձայնեց բրյուսելյան փաստաթղթի մասին, նա մանրամասն հերձում է սրանց ստերը. Շարմազանովը՝ Աշոտյանի ձերբակալման պատճառների մասին
Կապիտուլյանտների ռեժիմն ունի երկու փեշակ: Համար մեկ՝ օդում շոուներ անել, իրական վտանգի, սպառնալիքների փոխարեն հանրության ուշադրությունը շեղել և երկրորդը՝ քիրվայություն անել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Արմեն Աշոտյանից ավելի լավ ո՞վ էր պայթեցնում դրանց հակապետական, հակահայկական, տգետ քաղաքականությունը: Արմեն Աշոտյանն էր, որ առաջինը խոսեց ու փաստաթուղթ հրապարակեց բրյուսելյան տարբերակի մասին: Նա էր, որ ասաց, որ սրանք արդեն հրաժարվել են ինքնորոշման իրավունքից: Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը:
Նրա խոսքով՝ Աշոտյանը նաև մեր հանրության ուշադրությունը հրավիրեց Բորելի հայտարարությանը:
«Նա մանրակրկիտ ասում ու հերձում էր սրանց ստերը: Արմենի և նրա նմանների գործունեության արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 94%-ից իջել 14%-ի: Իհարկե, Արմենը վտանգ է ներկայացնում: Ամենաարդյունավետ գործող գործիչներից է, եթե չասեմ՝ ամենաարդյունավետը: Հետևաբար, վտանգ ներկայացնող գործչին պետք է ցեխոտեն, հազար ու մի պիտակ կպցնեն: Փողերի լվացումը կպցրին, հիմա էլ կարող է Քենեդու սպանությունը կպցնեն: Այդպիսով փորձում են հանրության ուշադրությունը շեղել: Սա խոսում է Նիկոլի վախերի մասին: Արմենի ձերբակալությունը խոսում է մեկ բանի մասին, որ Նիկոլը վախենում է, իսկ ռեժիմը խուճապի մեջ է: Եվ իհարկե անձնական հաշվեհարդար է, պուճուր մարդկանց որոշում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: