150 ք/կմ թուրքերը գրավել են, Էդ հեչ, Երասխի վրա կրակում են, էդ հեչ, Արմեն Աշոտյանը մե՞ջ. Շարմազանովը՝ Աշոտյանի ձերբակալման մասին
Քոչարյանին բռնեցին, Մարտի 1-ի էդ շոուն պրծավ, Սերժ Սարգսյանին մի սուտի դիզելի գործը կարեցին, մեզ էլ ժամանակին բռնեցին 225-ը վրեքներս կարեցին, 1,5 տարի տարան-բերին, տարան-բերին ու վերջում բան դուրս չեկավ, կարեցին: Հիմա էլ ի՞նչ պիտի անեն. Արմեն Աշոտյանի վրա պիտի գործ կարեն, մինչև հարմար կլիենտներ ճարեն: Այս մասին այսօր Քննչական կոմիտեի մոտ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ձերբակալմանը:
Շարմազանովը վստահեցրեց, որ սա զուտ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական գործունեության հետ կապված խնդիր. անձնական ու քաղաքական վրեժխնդրություն: Ընդ որում հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ Աշոտյանը պայթեցնում էր Փաշինյանի խաղաղության օրակարգի փուչիկը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտյանը խափանման միջոցի պայման է խախտել, Շարմազանովը չհամաձայնեց՝ ասելով. «Չհեռանալու մասին ստորագրություն է եղել: Արմեն Աշոտյանը ՀՀ-ից դուրս չի եկել: Էդ որտե՞ղ է խախտել: Արմեն Աշոտանը պետական հանցագո՞րծ է, ի՞նչ է: Գնացեք էդ նարկոբարոնների հետևից, էն որ թուրքերի հետ քիրվայություն են անում, դրանց հետևից: 150 ք/կմ թուրքերը գրավել են, Էդ հեչ, Երասխի վրա կրակում են, էդ հեչ, Արմեն Աշոտյանը՝ մե՞ջ: Էդ ի՞նչ ա խախտել Արմեն Աշոտյանը: Տնից եկել ա գործի, գործից տուն»: