Մեր երկրում շինծու գործերի պակաս չկա. դրանք քաղաքական ենթատեքստով ձերբակալություններ են. Զաքարյանը՝ Աշոտյանի ձերբակալման մասին
Արդեն մի քանի տարի է քաղաքական ենթատեքստով ձերբակալություններ են: Տարբեր սենսացիոն գործողություններ են ընթանում իրավական համակարգի կողմից: Արմեն Աշոտյանի «գործն» էլ այդ քաղաքական ենթատեքստի ներքո է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր ընդդիմությունը կոշտ ձևով խանգարում է իշխանություններին իրականացնել իրենց հակահայկական, հակապետական գործողությունները:
«Ընդդիմության կողմից բոլոր քաղաքական գործընթացները շատ արագ ջրի երես են բերվում: Բարձրացվում են հարցեր, որոնք ցավոտ են այս իշխանությունների համար: Դրանք թե՛ ներքին են, թե արտաքին: Հետևաբար, սրանց այլ բան չի մնում, քան դիմել ուժային, իրավական մեթոդների: Մեր երկրում շինծու գործերի պակաս չկա: Դրանք այնքան շատ են, որ անգամ հասարակությանը չեն հետաքրքրում՝ ո՞ւմ, ինչի՞ համար են տանում, ի՞նչ եղավ: Նախկինում հասարակությունը փորձում էր մինչև վերջին դետալը հասկանալ արդարության ու ճշմարտացիության խնդիրը»,- նշեց Զաքարյանը:
Զաքարյանի խոսքով՝ վերջին 5 տարում Աշոտյանը եղել է ամենաակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որոնք բարձրաձայնել են ներքին և արտաքին խնդիրներ: