Մոսկվան կանոնավոր կերպով աշխատում է Երևանի և Բաքվի հետ. ՌԴ փոխվարչապետ
Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով` Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, կապ է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, երկխոսության հարթակ է ստեղծում:
«Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե երբ է լինելու ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ՝ երբ կողմերը պայմանավորվեն, այն ժամանակ կլինի»,-ասել է Օվերչուկը:
Բացի այդ, Օվերչուկն ասել է, որ ինքը Սանկտ Պետերբուրգի «SPIEF» միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք չլուծված են մնացել Ադրբեջանի և Հայաստանի միջև Մոսկվայում հանդիպումից հետո։
«Հիմնական աշխատանքները շարունակվում են։ Մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով։ Դա իսկապես այդպես է: Մենք մշտական կապի մեջ ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չի լինում»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։