«Ամեն ինչ տանք» սկզբունքը երբեք խաղաղության չի բերելու. Հայկ Մամիջանյան
Փա՛ռք հայոց բանակին։ Միակ բանը, որ կարելի է ասել Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածը տեսնելուց հետո։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Փառք այն տղաներին, որոնք ի հեճուկս Երևանի տգետ ու դավաճանական քաղաքականության, շարունակում են պահպանել իմ, ձեր, մեր ընտանիքների անդորրը։ Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանն է։ Դուք գիտեք մեր քաղաքական ուժի վերաբերմունքն այս ամբողջ դավաճանական պրոցեսին, բայց նույնիսկ այս պարագայում այս իշխանություններն անում են ամեն ինչ, ինչ իրենցից պահանջում է Ադրբեջանը։ Նույնիսկ այդ պարագայում չեն կարողանում ապահովել իրենց խոստացված խաղաղության դարաշրջանը, որովհետև խաղաղությունը չեն մուրում։ «Ամեն ինչ տանք» սկզբունքը երբեք խաղաղության չի բերելու»,- նշեց Մամիջանյանը։