Եթե նախկին 25 տարիներին լուծեինք Ղարաբաղի հարցը, չէր լինի 44-օրյա պատերազմը. Նիկոլ Փաշինյան
Կարո՞ղ էին խուսափել պատերազմից, և եթե այո՛, ապա ինչպե՞ս։ Ամենայն հավանականությամբ, այո՛, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սակայն այստեղ մի էական հարց է ծագում, այն է՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը։
«Սրան զուգահեռ մի շատ հիմնավոր և խորքային հարց կա․ կարո՞ղ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, և եթե այո՛, ապա ինչպե՞ս։ Ուրեմն կարիք կա քննարկել բանակցային պատմությունը, որի հանգրվանային կետերին այժմ կանդրադառնամ։ Իրականում բանակցային գործընթացն ու նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի ներքաղաքական իրադրության և իրադարձությունների հետ, ինչը որքան էլ բնական, սակայն, այնուամենայնիվ, նեգատիվ դեր է խաղացել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա, որովհետև մեր ներքաղաքական կյանքում 1994թ․-ի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել»,- նշեց Փաշինյանը։