Սա շոուի հարթակ չի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քննիչ հանձնաժողովի մասին
Ի՞նչ ասեմ։ Իրենք ամեն ինչն են թատրոն համարում։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, սահմաններին։ Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեկնաբանություններին՝ կապված այսօրվա նիստի հետ։
Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է հունիսի 27-ին գալ և իրենց պատկերացրած թատրոնը դարձնել կյանքին համահունչ գործընթաց։ Իր գնահատմամբ՝ ընդդիմության հրաժարումը մասնակցությունից, պարզապես փաստերի հետ առնչվելու ցանկություն չունենալն է։
Հարցին, թե ինչու Դավիթ Տոնոյանի սցենարը կյանքի չկոչվեց, Քոչարյանը նշեց․ «Որովհետև Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ։ Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգը, իր աշխատակարգը։ Պարոն Տոնոյանն ընդամենն ասում էր, որ գամ ուղիղ եթերում Անդրանիկ Քոչարյանի հետ բանավիճեմ։ Բայց սա էդպես չի լինում։ Սա քննիչ հանձնաժողով է, ոչ է շոուի հարթակ»,- նշեց Քոչարյանը։