Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին Փաշինյանի ներկայացրած այսօրվա փաստարկների հետ․ Անդրանիկ Քոչարյան
Դուք չզգացի՞ք, թե Շուշիի հետ կապված ինչ խնդիր կար։ Դա նորություն չէ՞ր ձեզ համար։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչի հետ է կապված եղել Շուշիի խնդիրը։
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը` նա նշեց, որ դա եղել է փակ նիստում․ «Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին Փաշինյանի ներկայացրած այսօրվա փաստարկների հետ»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի հետ կապված բազմաթիվ գործերով քննություն է գնում, այդ թվում՝ Շուշիի գործով։
Հարցին՝ այս ամենից հետո արդյոք հարցադրումներ չկա՞ն Օնիկ Գասպարյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ որևէ մեկին 2-րդ կամ 3-րդ անգամ կանչելու բացառում չի անում, որովհետև ամեն մի հրավիրյալից հետո հարցեր կարող են առաջանալ և նորից իրենք կարող են մարդկանց կանչել, լսել, ստանալ պարզաբանումներ։
«Ինչպես եղավ քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ կանչեցինք։ Նրա համար անակնկալ էր, որովհետև իր ենթակայության տակ գտնվող ծառայողներ հրավիրեցինք հանձնաժողով և նրանց տված բացատրությունները հիմք հանդիսացան Արշակ Կարապետյանին նորից կանչելու»,- նշեց Քոչարյանը։