Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու հնարավոր մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Սյունիքի նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ, առկա են տվյալներ կատարվածին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են։
Աբրահամյանը նշել է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։