Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործողության հետևանքն են․ Հայկ Մամիջանյան
Փաշինյանը ստում է, հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ կրակը դադարեցնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
Նա նշեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանք են․ «Փաշինյանը նոյեմբերի 9-ին նույնաբովանդակ փաստաթուղթ է կնքել, և դա արել է մեկ պատճառով, քանի որ իրեն «դավաճան» կասեին։ Այսինքն, հայ զինվորի արյան ու կյանքի գնով նա ապահովել է հետագայում իր քաղաքականությունը շարունակելու իրավունքը։ Հայ զինվորի կյանքի գնով․ այսինքն՝ հասցրել է այն կետին, որպեսզի հասարակությունն էլ ասի՝ դե այլընտրանք չկա»,-ասաց նա։
Մամիջանյանը նկատեց, որ Փաշինյանը պատերազմի ժամանակ գրեթե միաժամանակ երեք հարթակով հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարել։
«Բարդ չէ հասկանալը՝ եթե նույն հարցի վերաբերյալ երեք հարթակով բանակցություն ես վարում, հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով փորձել խուսանավել»,- ասաց Մամիջանյանը։