ՀՀ-ն չի պատրաստվում ռազմական գործողություն ծավալել. Սիմոնյանը՝ Արցախի ժողովրդի իրավիճակը բարելավելու այլընտրանքային ճանապարհի մասին
Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ անել: Առնվազն ՀՀ-ն դա թույլ չի տալու, որովհետև օգտագործելու է բոլոր միջազգային լծակները, ինչպես որ հիմա է օգտագործվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նաև զարմանք արտահայտեց, որ լրագրողները հարցադրումներ չեն ուղղում նրա մասին, որ իշխանությունները հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում:
«Մենք հաճախ չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք կարող էինք արդեն 1 տարի առաջ ակտիվ պատերազմական վիճակում լինել: Հենց այն փաստաթղթերը, որոնք ասվում են, թե բան չեն փոխում, հենց դրանք են փոխում: Հենց միջազգային ճնշումն է կանխում»,-նշեց Սիմոնյանը:
Հարցին, թե ինչ լուծում կա ի վերջո Արցախում գտնվող մարդկանց վիճակի համար, Սիմոնյանն ասաց. «Բայց մենք անում ենք քայլեր: Նենց չի, որ մենք սպասում ենք միջազգային դատարաններին: Դա ընդամենը քայլերից մեկն է: Ի վերջո, միայն Հայաստանը չէ, որ պետք է հետամուտ լինի միջազգային դատարանի որոշման կատարմանը»:
Հարցին, թե որոնք են այլընտրանքային քայլերը, բացի միջազգային որոշումներից, Սիմոնյանը նշեց. «Եթե դուք նկատի ունենք, թե ՀՀ-ն պատրաստվում է արդյոք ռազմական գործողություն ծավալել, ապա ո՛չ ՀՀ-ն չի պատրաստվում»: